Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ցուցմունք է տվել առանձնացված մասով առանցքային մեղադրյալ, «Իգլա» տեսակի զենքն ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մայիլյանը հրաժարվեց ցուցմունք տալ եւ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Միայն Սամվել Բաբայանի հարցին ի պատասխան «Իգլա»-ի մասին նա նշեց. «Ինձ բռնել են, տարել Ազգային անվտանգություն, ես էլ հանձնել եմ»:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին, որն էլ Վրաստանում գործարար կապեր ունեցող Մայիլյանի միջոցով ձեռք է բերել զենքը:
Դատարանում ընթերցվեց Մայիլյանի նախաքննական ցուցմունքը, որում Սամվել Բաբայանի մասին ոչինչ չկար:
«Իմացել եմ, որ «Իգլան» Արցախ են տանելու՝ որպես նվեր, որ ինչ-որ պաշտոն տային, բայց չգիտեմ՝ ում: Ես ու Արմեն Պողոսյանը գնացել ենք, Արմենը նկարել է պլանշետով, ես տեսա, որ նրա ձեռքում ՕՐՕ դաշինքի բացիկը կար»,- նախաքննության ընթացքում պատմել է ներկայումս ազատության մեջ գտնվող մեղադրյալը:
Նախաքննական ցուցմունքում Մայիլյանը գրել է, որ ձեռք բերված զենքը պահել է Էջմիածնում՝ հանգուցյալ հորեղբոր չբնակեցված տան ավտոտնակում: Լուսանկարելուց հետո, ըստ ցուցմունքի, պատվիրատուն հրաժարվել է գնել այն եւ Սանասար Գաբրիելյանը Մայիլյանին ասել է, որ զենքը վերադարձնի, բայց այդպես էլ այն մնացել է ավտոտնակում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:




























