Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրության արգելումով իշխանությունը մեսիջ է հղում հասարակությանը, որ մեր դատաիրավական համակարգն այսօր էլ 1930-ականների պես պատրաստ է նույն ձեւով կատարել իշխանության հրահանգները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս մշակույթի նախարարության հրահանգով փակվել է հիշյալ ցուցադրությունը:

Իշխանյանն ասաց, որ ինքն անձամբ ներկա է եղել այդ բացօթյա ցուցահանդեսի բացմանը. «Անկեղծ ասած, հիացել եմ Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի նախաձեռնությամբ: Իմ կարծիքով՝ դա պետք է արվեր 1990-ական թվականներին, երբ Հայաստանն անկախացավ, քանի որ պետք էր գնահատական տալ պատմության այդ էջին՝ 20-ական, 30-ական, 40-ական թվականների խորհրդային բռնաճնշումներին, եւ փակել այդ էջը՝ որպես դաս, քաղաքական գնահատական տալով:

Այդ ցուցահանդեսում էլ գրված էր, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, որովհետեւ երբ գնահատական ես տալիս, նոր իշխանությունների համար դժվար կլինի կրկնել այդ նախկին հանցագործությունները»:

Իրավապաշտպանը անընդունելի է համարում իշխանությունների կողմից ցուցադրության դեմ ուղղված ճնշումները. «Այդ ճնշումները, որպեսզի այդ ցուցահանդեսը փակվի, երկու տեսանկյունից կգնահատեի. նախ, ցավալի է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը չի ողջունում նախաձեռնությունները: Սա շատ կարեւոր հարց է մշակույթի զարգացման, ինքնուրույնության, ինքնուրույն մտածելու համար: Սա ցույց է տալիս մշակույթի նախարարության անողնաշարությունը»:

«Երկրորդը՝ դրա հետ կապված վերաբերմունքն է, որ ցուցահանդեսը քաղաքական էր: Իհարկե՝ քաղաքական էր, քաղաքական լավագույն իմաստով: Որպեսզի հանրությունն իմանա այդ ժամանակվա դաժան պատմությունը, եւ ոչ թե կարոտախտով հիշի այդ ժամանակաշրջանը: Կարոտախտի պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ չգիտեն, թե ինչ է կատարվել այդ ժամանակ, միայն բռնաճնշվածների հարազատներն են դա հիշում: Իսկ հանրությունն ընդհանրապես չի հիշում:

Իհարկե՝ ժամանակները փոխվել են, եւ մարդկանց հիմա չեն գնդակահարում, բայց ես կարող եմ կասկածներ ունենալ, որ շինծու մեղադրանքներով շարունակում են մարդկանց նկատմամբ ճնշումները: Արդյոք այսօրվա մեր դատաիրավական համակարգը պատրաստ չէ՞ նույն ձեւով կատարել հրահանգները, ինչպես այն ժամանակ՝ 30-ական թվականներին: Արդյոք այդ զուգահեռները չե՞ն եղել Հայաստանի իշխանությունների համար, որպեսզի արգելվի ցուցահանդեսը: Եթե մենք դիտարկենք շինծու մեղադրանքներով այսօրվա քաղաքական դատավարությունները, մասնավորապես՝ Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Միքայելյանի, Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի նկատմամբ, արդյոք զուգահեռներ չենք կարող անցկացնել 1930-ականների հետ, եւ արդյոք սա չէր այդ ցուցահանդեսն արգելելու պատճառը»,-ըդգծեց Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ հանրությունը պետք է շատ լուրջ արձագանքի Մշակույթի նախարարության այդ կամայականությանը:

Նա համոզմունք հայտնեց, որ սա, անկասկած, ՀՀԿ-ի հրահանգն է ամենավերեւից՝ նախագահական նստավայրից. «Ուրիշ որոշումներ կայացնողներ չկան: Ավելի լավ է ոչինչ չանել, քան նախաձեռնություն ցուցաբերել, որովհետեւ դա կարող է պատժվել»:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ սա հրահանգ է Մոսկվայից, Իշխանյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Այն մտայնությունը, որ ամեն ինչ կարող է Մոսկվայից հրահանգվել, արդարացնում է Հայաստանի իշխանությունների պահվածքը»:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն իր խոսքում ավելի կտրուկ էր. «Հասարակությանը պետք է նախապատրաստել, որ մատնիչները, զրպարտիչներն ու լրտեսները դեռ (շարունակաբար) ողջ են։ Դրանք չեն վերանում երբեք, որովհետեւ չեն փոխվում կարգադրիչները։ Եթե ուշադիր կարդաք, կտեսնեք, որ մեր օրենսդրությունը մեկ նպատակ ունի՝ պաշտպանել վերոնշյալների անձեռնմխելիությունը՝ չմոռանալով «չքաղաքականացնել» հրամայականը։ Դրա համար էլ դաշնակ ու հանրապետական ձեռք-ձեռքի տված մեդալ են կախում «առաջադիմող» լակոտների կրծքին»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար:

«Զրպարտության հետեւանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների եւ, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի։ Օգոստոսի 26-ին ինձ զանգահարեց 60-70 տարեկան մի փոխգնդապետ (ինքն այդպես ներկայացավ) եւ խոսեց նույն բառապաշարով, ինչ Կոմունիստական կուսակցության ղեկավարը, ասաց՝ ձեր ցուցադրությունից դաշնակցական հոտ է գալիս, դու նաեւ արվամոլների պրոպագանդիստն ես։ «Սորոս»-ից գումարներ ես ստանում: Հեռախոսով ինձ վրա գործ սարքեց այդ մարդը»,- նշել է Թուխիկյանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո իր գործատուն՝ մշակույթի նախարարությունը, հասել է ցուցադրությունը փակելուն:

Ցուցադրության ժամանակ հայ բոլշեւիկների նկարների տակ մակագրված է եղել «ինքնամոռաց հայ բոլշեւիկ, երբեմն տականք»: Ըստ էության հենց սա էլ առաջացրել է ոմանց զայրույթը, սակայն, Թուխիկյանի խոսքով՝ դա իր ձեւակերպումը չէ, այլ ՀՀԿ գաղափարական հիմնասյուն՝ Գարեգին Նժդեհի շատ հիմնավոր բնորոշումն է:

Այս առնչությամբ, Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտնել է, որ ցուցադրությունը փակվել է, որովհետեւ այն «մի փոքր քաղաքականացված էր»: Իսկ անձամբ նախարար Արմեն Ամիրյանը մի փոքր այլ պատճառ է նլե. «Հայաստանի մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ները պարտավոր են մեկամյա կտրվածքով իրենց ցուցադրությունները համաձայնեցնել նախարարության հետ, իսկ Թումանյանի թանգարանի կազմակերպած ցուցադրանքի բացօթյա ձեւաչափը համաձայնեցված չի եղել»: