Լիբանանի Հանրապետության զինված ուժերի բրիգադիր-գեներալ Փանոս Մանճյանն առաջարկում է ստեղծել բանակի համար հիմնադրամ, որտեղ յուրաքանչյուր սփյուռքահայ 1000 դոլար կնվիրաբերի:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայացած «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել» թեմայով քննարկման ժամանակ Փանոս Մանճյանը նշեց, որ հայոց բանակի զարգացման համար պետք է ներդրում ունենա յուրաքանչյուր հայ:

«Պետք է համատեղել մեր ուժերը հայոց բանակին օգնելու համար: Ցավոք սրտի, հայկական սփյուռքում օտարացում կա, նույնիսկ մեր Լիբանանի փոքրիկ համայնքում շատ են խառն ամուսնությունները, որոնց պատճառով հայերն օտարանում են իրենց արմատներից: Ինքս չեմ կարող մտնել Հայաստանի կամ Արցախի ներքին գործերի մեջ, բայց կարծում եմ, որ մենք էլ պետք է օժանդակենք հայկական բանակի զարգացմանը: Իհարկե, կան մարդիկ, որոնք պարբերաբար օգնություն են տրամադրում, սակայն դա պետք է կրի մշտական բնույթ: Օրինակ, ես առաջարկում եմ ստեղծել զինվորի ֆոնդ, որտեղ յուրաքանչյուր սփյուռքահայ 1000 դոլար կնվիրաբերի մարտունակ բանակ ունենալու համար»,- ասաց լիբանանահայ գեներալը: