Թերթը զրուցել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
Պարոն Մինասյան, կանխատեսվում էր, որ Արցախի անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը կարող է տարաբնույթ արտաքին շահարկումների առիթ դառնալ: Կարելի՞ է այս մտավախությունը հաղթահարված համարել:
Ներկայացված օրինագծի քվեարկությանը, ինչպեսեւ կարելի էր կանխատեսել, մասնակցեցին ու կողմ քվեարկեցին հեղինակ խմբակցությունը եւ Դաշնակցությունը: Քվեարկությունը, ըստ էության, չի կայացել, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը պարզապես չի մասնակցել այս հարցի քվեարկությանը:
«Ժառանգության» ու Դաշնակցության մոտեցումները այս պահին Արցախը դե յուրե ճանաչելու մասին որոշակիորեն տարբերվում են, սակայն, կարծում եմ, իր քվեարկությամբ ՀՅԴ-ն չէր կարող հակասել ազգայնական իր գաղափարաբանությանը: Նաեւ, լինելով ընդդիմադիր քաղաքական ուժ, չէր կարող հրաժարվել իր դիրքորոշումը մեկ անգամ եւս արտահայտելու հնարավորությունից: Նույնքան տրամաբանական էր իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի միասնական դիրքորոշումը:
Բոլորին էլ հասկանալի է, որ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը» ու «Օրինաց երկիրը» չեն կարող դեմ լինել Արցախի ճանաչմանը, բայց նրանք պատասխանատու են արտաքին քաղաքականության համար եւ չէին կարող հաշվի չառնել մի շարք աշխարհաքաղաքական սահմանափակումներ: Եթե բացենք փակագծերը, ապա ակներեւ կդառնա, որ իշխանական կոալիցիան ուղղակի համարում է, որ ներկայացված նախագիծը այս փուլում ընդունելու դեպքում կձախողվի բանակցային գործընթացը:
Եթե Հայաստանի խորհրդարանը կայացներ այդ որոշումը, ապա հակառակ կողմը կկորցներ բանակցությունները շարունակելու բոլոր պատճառները: Տեսականորեն կարելի է ադրբեջանական կողմի ռազմատենչությանը պատասխանել Արցախը ճանաչելու քայլով, բայց դա անհրաժեշտ է անել ճիշտ պահին:
Եթե խորհրդարանը ճանաչեր Արցախի անկախությունը, ի՞նչ քայլերի կարող էր դիմել Ադրբեջանը:
Պետք է հասկանալ, որ Արցախը ճանաչելուց հետո Ալիեւը էլ չի կարող շարունակել իր ռազմական հռետորաբանությունը, այլ ստիպված է լինելու լռել կամ սկսել խոստացած պատերազմը:



























