Նոյեմբերի 22-ին Երեւանում կայանալու է «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն եւ կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը. Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաեւ մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Միջերկրական ծովը պատմականորեն հանդիսացել է ոչ թե Եվրոպան, Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը բաժանող բնական պատնեշ, այլ իր հյուրընկալ ափերին ծաղկող բազմաթիվ քաղաքակրթությունները, այդ թվում՝ հայկականը, միմյանց կապող կամուրջ: Մեր խորին համոզմունքն է, որ այս ավանդույթները պետք է առավել ամրապնդվեն»,-ընդգծել է նա:




























