Հայաստանում պետական կազմակերպությունները հաջողությամբ շարունակում են գիտական հաստատությունների տարածքների զավթումը։ Որպես կանոն, պետմարմիններն իրենց գործողություններն արդարացնում են նրանով, որ գիտական հաստատությունները մեկ է ամբողջ հզորությամբ չեն աշխատում, հետեւաբար այդքան տարածքներն էլ իրենց պետք չեն։ Բայց գիտական հաստատության «տարածքները», անմշակ ու խոպան հողեր չեն։ Ինստիտուտների տարածքներում լաբորատորիաներ են տեղակայված, կառույցներ կան, որոնք ժամանակին կառուցվել են հենց տվյալ լաբորատորիաների համար։ Բնականաբար այս ամբողջի համար ժամանակին հսկայական միջոցներ են ծախսվել, իսկ առկա տեխնիկան, եւ փորձարարական սարքավորումները ճիշտ է հին են, բայց հայ գիտնականները դեռեւս ավելի թարմն ու նորը չունեն, այդ պատճառով օգտագործում են եղածը, եւ պետք է ասել, որ հաջողացնում են այն անել բավականին արդյունավետ։ Ի վերջո օգտագործվող «տարածքներ» բառի տակ, ենթադրվում է Հայաստանի գիտական ոլորտում դեռեւս գործնականում հետազոտություններ կատարող գիտականների  աշխատատեղերը, այլ ոչ թե խոպան ու անմշակ հողեր։

Երեւանում գիտահետազոտական ինստիտուտների տարածքները գտնվում են շատ «հարմար ու ցանկալի» վայրերում, եւ մասնավոր հատվածի հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու համար, ժամանակին այդ տարածքները այլ անձանց վաճառքի արգելման որոշում ընդունվեց։ Վաճառքն արգելեցին, բայց մեկ այլ կազմակերպության տրամադրելը արգելված չէ, իսկ պետական բազմաթիվ հանձնաժողովների, հանձնաժողովիկների, նախարարություններին առընթեր բաժինների աշխատանքի համար տարածք է անհրաժեշտ։

Այդուհանդերձ, անհասկանալի է, թե այդ կազմակերպությունների աշխատանքի կազմակերպումը ինչո՞ւ՞պետք է իրականացվի գիտական հաստատությունների տարածքի ու աշխատատեղերի հաշվին, այլ ոչ՝ հենց այդ նույն նախարարությունների։ 

Գիտական հիմնարկների տարածքը զավթելու ուղղությամբ որոշ չինովնիկներ «հարձակման ընթացքում» չեն խուսափում օգտագործել անձնական կապերը, բողոք- դիմումները, բամբասանքները եւ «զանգվածային ոչնչացման այլ զենքեր»։

Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մոտ 3 տարի է իր հարկի տակ է հյուրընկալել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին։ Հիմնադրամին հատկացվել է մեկ ամբողջ հարկ, բայց ֆոնդի ղեկավար Ռուբեն Թոփչյանին գործունեության ծավալման համար եւս մեկ հարկ է պետք։ Ըստ երեւույթին՝ այդ պատճառով է, որ նա սկսել է «վերեւներում» լուրեր տարածել, թե ինստիտուտը չի աշխատում, աշխատող չկա, հետեւաբար նաեւ տարածքներն էլ ոչ ոքի պետք չեն։

Որոշ մարդկանց համար կրկին ցանկանում ենք նշել, որ այսպես կոչված «տարածքները» փորձարարական լաբորատորիաներ են, որոնց ապամոնտաժման դեպքում անհնար է ամբողջությամբ վերականգնել մեկ այլ վայրում, քանի որ տարածքը կառուցված է հենց տվյալ լաբորատորիայի համար, եւ ինստիտուտը մեկ այլ համապատասխան տարածք չունի դրա համար։ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը Թոփչյանի ղեկավարած հիմնադրամին եւ Գիտության կոմիտեին ընդունելու համար արդեն ապամոնտաժել է երեք  լաբորատորիա, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում էր մոտ մեկ հարկ տարածք։ Նշենք, որ ապամոնտաժման արդյունքնում լաբորատորիաների սարքավորումների մեծ մասն ինստիտուտը տեղ չունենալու պատճառով պարզապես ստիպված է եղել դուրս նետել։  

Ինչպես նշեցինք, Թոփչյանին, սակայն, նոր տարածք է հարկավոր, եւ նա այս կապակցությամբ դիմել է Գիտությունների ազգային ակադեմիա, որի ենթակայության տակ է գտնվում Ֆիզիլոլոգիայի ինստիտուտը։ Ակադեմիայում պարոն Թոփչյանին մերժել են եւ նա դիմել է կառավարությանը, ավելի ճիշտ վարչապետ Տիգրան Սարգսյանին...

Հարցի իսկությունը պարզելու համար վարչապետի այցը Ֆիզիոլոգիայի ինստիտուտ պետք է կայանար նախորդ շաբաթ օրը, սակայն Տիգրան Սարգսյանն անձամբ չէր կարողացել այցելել, եւ կառավարական այրերը ինստիտուտ էին այցելել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Փակ դռների հետեւում Ռուբեն Թոփչյանի հետ խորհրդակցելուց հետո՝ նրանք դուրս գալիս միջանցքում կանգնած ինստիտուտի տնօրենին եւ աշխատակիցներին ասալ են, որ իրենք Թոփչյանի հետ համաձայնության են եկել, եւ մաղթել են նույնն անել նաեւ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավարությանը, ինչն ավելի պարզ ասած՝ նշանակում է, որ ամեն դեպքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին ոչ մի ամբողջ հարկ, բայց մոտ 200 քմ տարածք պետք է տրամադրել...

Այս ամենը հիշեցնում է երեւանյան կինոթատրոնների հետ կապված պատմությունը։

Կինոթատրոնների կառուցման համար կրկին ժամանակին հսկայական միջոցներ են ծախսվել, Երեւանում ներդրվել է 20-րդ դարի քաղաքային մշակույթի այս մասնիկը, եւ փոխանակ կինոթատրոնները վերականորոգելու ու թարմացնելու, ի վերջո 3D ֆորմատի տեխնիկայով հագեցնելու, դրանք վերափոխում են տոնավաճառների, որոնք ավելի շատ չարչիական հավաքատեղիների են նման, ավտոսրահների, բոուլինգների։ Վերջերս էլ կինոթատրոնները քանդելու եւ դրանց տեղում եկեղեցի կառուցելու միտում է նկատվում։

Վերադառնալով «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հարցին նշենք, որ կենտրոնը պատասխանատու է հայաստանյան բուհերի կրթական ծրագրերի որակի վերահսկման համար։ Մեկ օրինակ. կենտրոնի աշխատանքի օպերատիվության մասին։ 2009 թվականի սկզբին TEMPUS միջազգային եվրոպական կրթական ծրագրի շրջանակում կենտրոնին հարցում է արվել, թե ի՞նչ հաճախականություն եւ մեխանիզմներ ունի բուհերում կրթական ծրագրերի որակի վերահսկումը։ Երկու տարի է անցել, բայց պատասխանը մինչեւ օրս չկա։ Թերեւս, ակնհայտ է, որ գործնականում ոչ մի մեխանիզմ էլ գոյություն չունի...