Հայաստանի ԱԻՆ-ում մեկնարկում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը: Այսօր՝ նոյեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային եւ աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:
«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018թ.-ի մայիսին: Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության եւ մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել եւ եւ տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու եւ տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարեւոր բաղադրիչներից է նաեւ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:
Անդրադառնալով ծրագրի նպատակին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց տարատեսակ աղետների եւ դրանց ընթացքում անհրաժեշտ վարքականոնների մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարեւորությունը՝ որպես երկրի դիմակայունության բարձրացման կարեւոր բաղադրիչ:




























