Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով կնշանակվի միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գայանե Գալոյանի շահերի պաշտպան Մնացական Ղազարյանը: Նա նշեց, որ նման միջնորդություն ներկայացրել են իրենք, որը նախաքննական մարմնի կողմից բավարարվել է: Գայանե Գալոյանը, որը գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, առողջական խնդիրներ ունի եւ հենց այդ հիմքով էլ ներկայացվել է այդ միջնորդությունը:
Պաշտպանը նաեւ նշեց, որ նախաքննությունն ավարտական փուլում է:
Նշենք, որ մեղադրյալների մասնակցությամբ քննչական գործողությունները, այդ թվում առերեսումները, արդեն տեղի են ունեցել:
Ըստ Հատուկ քննչական ծառայության ավելի վաղ տարածված հաղորդագրության նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով քաղաքացի Սոս Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք` որդուն չձերբակալելու և նրան առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Քննիչն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը և իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով մեղադրյալի հորն ուղարկել Փաստաբանների պալատի փաստաբան Գ. Գալոյանի մոտ` նրա միջոցով կաշառքի գումարը ստանալու և քրեական գործի ընթացքն ուղղորդելու համար` նախապես այդ մասին զգուշացնելով փաստաբանին: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, քննիչի համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերին ստացել և Մ. Զադոյանին է փոխանցել 1.450.950 ՀՀ դրամին համարժեք, առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:
Այսպիսով, քննիչ Մ. Զադոյանը նախնական համաձայնությամբ, փաստաբան Գ. Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բ. Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբան Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար քննիչ Մ. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Բ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Փաստաբանի և քննիչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:




























