Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կինը՝ Ռուզաննա Մկրտչյանն առողջական բավարար վիճակում է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 18-ին, նրա շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշեց, որ Ռուզաննա Մկրտչյանն այս պահին հոգեբանական ծանր վիճակում է:
«Չեմ կարող ասել՝ առողջական ինչ վիճակում է, նորմալ է ընդհանուր, ուղղակի հոգեբանական ծանր վիճակում է: Ընդհանուր խցում է, բայց էդ պայմանները, էս ամեն ինչը շատ վատ են ազդել վրա»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները դեռ հայտնի չեն եւ այս պահի դրությամբ քրեական գործին վերաբերող տեղեկություններ չի ցանկանում հաղորդել:
Արդյոք Ռուզաննա Մկրտչյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Նաիրա Պետրոսյանը չպատասխանեց՝ հորդորելով սպասել նախաքննության ավարտին:
Ռուզաննա Մկրտչյանը որոշ ժամանակ գտնվում էր «Նուբարաշենի» հոգեբուժարանում, որտեղից նա տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ:
Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն`Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:



























