2009 թվականին Հայաստանում երեխաների 38.1 տոկոսն աղքատ է եղել, իսկ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Այս տվյալներն այսօր՝ դեկտեմբերի 17-ին  հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, ներկայացնելով զեկույց Հայաստանում մանկական աղքատության ցուցանիշների վերաբերյալ: Այս կապակցությամբ, իր մտահոգությունն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

«Մանկական աղքատության մասին նոր տվյալները չափազանց մտահոգիչ են: Ակնհայտ է, որ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամից առավելագույնը տուժել են երեխաները: Այս իրավիճակը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ թե՜ երեխաների, քանի որ նրանք կարող են զրկված լինել իրենց հիմնական իրավունքներից եւ թե՜ երկրի ընդհանուր զարգացման վրա»,- շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

Դժբախտաբար 2011թ. պետական բյուջեն, որը վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից, բավարար չէ աղքատության պայմաններում ապրող երեխաների իրավիճակը բարելավելու համար: Կրթության եւ առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումները մնում են ցածր` համեմատ այլ ցածր եկամուտ ունեցող երկրների եւ դեռեւս չեն հասել Կայուն Զարգացման Ռազմավարության մեջ նշված մակարդակին:     

Ուսումնասիրությունը եւս մեկ անգամ հաստատեց այն փաստը, որ Հայաստանում  մանկական բնակչության շրջանում հաշմանդամություն ունեցող երեխաները ամենակարիքավոր եւ զրկված խումբն են հանդիսանում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներից 70 տոկոսն աղքատ է եւ 13 տոկոսը` ծայրահեղ աղքատ:

Ուսումնասիրության համաձայն ծայրահեղ աղքատ երեխաների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Լոռվա մարզում` 9 տոկոս, մինչդեռ ընդհանուր մանկական  աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան  50 տոկոսն աղքատ են:

Ընտանեկան նպաստները շատ կարեւոր են ծայրահեղ աղքատ ընտանիքների համար եւ առանց դրանց` ծայրահեղ աղքատ երեխաների տոկոսը կկրկնապատկվեր` աճելով 4.5 տոկոսից մինչեւ 9.1 տոկոս: Ի տարբերություն ընտանեկան նպաստների` երեխաներին տրվող նպաաստները էական ազդեցություն չունեն ընդհանուր մանկական աղքատության ցուցանիշների վրա, քանի որ այդ տեսակի նպաստ ստացող ընտանիքների ցուցանիշը շատ ցածր է:

«Երեխաների համար աղքատությունը նշանակում է թերսնուցման բարձր ցուցանիշներ, երեխայի բարեկեցության եւ ընդհանուր զարգացման համար հիմնական պայմաններից զրկում: Այդ իսկ պատճառով մանկական աղքատության խնդրի լուծումը չի կարող սպասել, մինչեւ որ ֆինանսական պայմանները բարենպաստ դառնան: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի վերաուղղորդումը կարող է նվազեցնել մանկական աղքատության կործանարար հետեւանքները եւ կոտրել աղքատության միջսերնդային շղթան, որը սպառնում է մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում: