Մեքսիկայում պետական «Պեմեքս» ընկերությանը պատկանող նավթատարի վրա տեղի ունեցած հրդեհից առաջացած պայթյունի հետեւանքով զոհվել է 28 մարդ, առնվազն 60 մարդու տեղափոխել են հիվանդանոց: Զոհերից 13-ը անչափահասներ են: Պայթյունի ալիքից վնասվել է նավթատարի մերձակայքում գտնվող 80 շենք:

Պայթյունը տեղի է ունեցել Պուեբլա նահանգում, Սան-Մարտին-Տեսմելյուկան քաղաքում ՝ նախօրեին առավոտյան: Ամբողջությամբ ոչնչացել է 32 շենք:

«Պեմեքս» ընկերության ներկայացուցիչների խոսքով, պոմպերից մեկի ցուցիչները ճնշման անկում են արձանագրել: Իրավապահները չեն բացառում, որ նավթի գողության փորձ է եղել: Նավթի մղումը դադարեցվել է, եւ քիչ անց պայթյուն է որոտացել: Փողոցներից մի քանիսը հեղեղվել են նավթով, որը բռնկվել է: Փրկարարներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը:

Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հրահանգել է մանրամասն հետաքննություն անցկացնել, պարզել վթարի պատճառներն ու պատժել մեղավորներին: Նա ֆինանսական օգնություն է խոստացել տուժածներին: