«Հայռուսգազարդի» վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշալսկին, ով նաեւ «Գազպրոմի» Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի վարչության պետն է, այսօր՝ դեկտեմբերի 21-ին «Հայռուսգազարդի» աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին:

Պոդմեշալսկին նշեց, որ «Հայռուսգազարդը» դարձել է կադրերի դարբնոց՝ իր շարքերում աճեցնելով Երեւանի նոր քաղաքապետին։ «Վերջին տարիներին կոլեկտիվը շատ արդյունավետ է աշխատել, օրինակ է ծառայել, թե ինչպես կարելի է կազմակերպական միջոցառումների շնորհիվ բարձրացնել արդյունավետությունը»,- ասաց Ա. Պոդմեշալսկին:

Նրա խոսքով՝ Վ. Հարությունյանը նշանակվել է «Հայռուսգազարդի» գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա նշանակման վերջնական ժամկետը կհստակեցվի մինչեւ օրենսդրությամբ եւ ընկերության կանոնադրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերի ավարտը։

Այնուհետ «Հայռուսգազարդի» բաժնետերերի խորհուրդը կընդունի համապատասխան որոշում:

Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս ՀՀ Էներգետիկայի նախարարության: Ընկերությունն ունի 18 մասնաճյուղեր եւ հանդիսանում է գազի ոլորտում գործունեություն իրականացնող 6 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 տոկոսի սեփականատերը:

Նշենք, որ երեկ «Հայռուսգազարդի» աշխատակազմի հետ հանդիպել է նաեւ նախկին գլխավոր տնօրեն, ներկայումս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ «Հայռուսգազարդն» այն կազմակերպություններից է, ուր ղեկավարի փոփոխությունը հեղափոխություն չի առաջացնի: