Վերջերս Հայաստանի Կենտրոնական բանկն ընդունեց «Էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողերով գործարքների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ: Ըստ այդ կանոնակարգի՝ էլեկտրոնային փող թողարկելու համար կենտրոնական բանկին դիմում ներկայացնելիս ընկերությունները պետք է ունենան 30 մլն դրամ դեպոնացված գումար: Կանոնակարգի մեկ այլ կետի համաձայն՝ ֆիզիկական անձինք չեն կարող 200 հազ. դրամից ավել գործարք իրականացնել էլեկտրոնային փողով:
Նոր ընդունված կանոնակարգը մի խումբ ընկերությունների եւ անհատների շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացրել: Օրինակ` Telcell ընկերության գործադիր տնօրեն Արամ Ազատյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նոր կանոնակարգի դրույթներն ուղղակի անընդունելի են:
«Օրինակ` եթե այդ պահին ընկերությունը ցանկանում է թողարկել 5 մլն դրամի էլեկտրոնային փող, միեւնույն է՝ նա պարտավոր է 30 մլն-ի դեպոնացված գումար ունենալ»,-ասաց Ա. Ազատյանը: Նրա խոսքով`գործարքի գումարի սահմանափակումը 200 հազ. դրամով եւս անընդունելի է:
«Այսօր ինտերնետում ամենաշատ վաճառվող ապրանքներից մեկը iphone-ն է։ Նորմալ համակարգչի կամ iphone-ի միջին գինը գերազանցում է 200 հազ. դրամը, այսինքն` գնորդը չի կարող էլեկտրոնային փողով այն գնել, իսկ դա նշանակում է, որ այս կանոնակարգը խոչընդոտում է Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը»,-ասաց Ա. Ազատյանը:
«Իդրամ»-ի տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանի խոսքով` էլեկտրոնային փողի թողարկման թույլտվությունը կստեղծի նոր հնարավորություներ էլեկտրոնային առեւտրով զբաղվող ընկերությունների համար, մասնավորապես՝ հնարավոր կլինի անմիջապես աշխատել արտասահմանյան էլեկտրոնային փողերի հետ։ Սակայն ԿԲ հաստատած կանոնակարգը որոշակի սահմանափակումներ է պարունակում։
«Կան ծառայություններ, օրինակ` վարկերի մարումներ, ավիատոմսերի եւ տարբեր տեխնիկայի ձեռքբերում եւ այլն, որոնք 200 հազ. դրամից ավելի արժեն»,- ասաց Գ. Պողոսյանը` նշելով, որ եթե իրենք ձեռք բերեն էլեկտրոնային փող ստանալու թույլտվություն, դա մի կողմից մի փոքր կընդլայնի իրենց գործունեությունը, իսկ մյուս կողմից՝ այդ կանոնակարգերով աշխատելը կխոչընդոտի գործին:
Գ. Պողոսյանի խոսքով` էլեկտրոնային փողով աշխատելու սահմանափակումներ կան ողջ աշխարհում` փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի նկատառումներով, սակայն դրանց շեմը շատ ավելի բարձր է:





























