Դանիացի կոլեկցիոներին պատկանող Կոպենհագենի սրճարանի պահեստից գողացված 1,3 միլիոն դոլար  արժողությամբ օղու շիշը հայտնաբերվել է անվնաս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կոպենհագենի ոստիկանությանը։ Շշի սեփականատերը, սակայն, հայտնել է դանիական լրատվամիջոցներին, որ շիշը դատարկ է եղել։

«Ռուսսո Բալթ» օղու շիշը Կոպենհագենի սրճարաններից մեկի պահեստից գողացել էին  չորեքշաբթի։ Բացառիկ խմիչքի շշի  տիրոջ խոսքով՝  չարագործները պատրաստել են պահեստի բանալու կրկնօրինակը եւ ներս մտել՝ մնալով այնտեղ մի քանի րոպե միայն, այնտեղ պահպանվում է շուրջ 1,2 հազար հավաքածուի մաս կազմող խմիչքների շշեր։

Շիշը առանձնանում է նրանով, որ պատրաստված է ոսկուց եւ արծաթից, զարդարված է «Ռուսսո Բալթ» մրցավազքային մեքենայի նկարներով, իսկ օղին ֆիլտրվում է ադամանդե ֆիլտրի միջոցով։ Խցանին Ռուսական կայսրության գերբն է՝ զարդարված թանկարժեք քարերով։

«Շիշը անվնաս է եղել, այն կուսումնասիրվի»,-հայտնել է ոստիակնությունը։ «Ցավոք, այն դատարկ է եղել։ Այն հայտնաբերվել է շինարարական հրապարակում»,- Extra Bladet պարվերականին հայտնել է շշի սեփականատեր Բրիան Ինգեբերգը՝ չհստակեցնելով շշի հայտնաբերման մանրամասները։

Տերը կասկածում է, որ գողության ետեւում կարող է սրճարանի նախկին աշխատակիցը լինել, քանի որ դուռը կոտրելու հետքեր չկան, իսկ պահեստ չարագործները, ամենայն հավանականությամբ, մտել են սրճարանի եւ չհրկիզվող պահարանի բանալիների կրկնօրինակների միջոցով։