Հռոմի հայտնի «ճաղատ» տոնածառը կարող է տեղափոխվել MAXXI ժամանակակից արվեստի թանգարան, հաղորդում է BBC-ն: Դեկտեմբերից ի վեր եղեւնին Spelacchio էին կոչում, ինչը թարգմանաբար նշանակում է «քոսոտ» կամ «ճաղատ»: Տեղացիներն ու զբոսաշրջիկները ցնցված եւ վրդովված էին, որ դեռ Սուրբ ծննդից մի քանի շաբաթ առաջ ծառն արդեն մեռնող տեսք ուներ:
Իշխանությունները գրեթե 50 հազար եվրո (60 հազար դոլար) են ծախսել ավստրիական սահմանից քիչ հեռու գտնվող շրջանից ծառը բերելու համար: Դժգոհները հայտարարել էին, որ դրա տեսքն արտացոլում է վերջին տարիներին Հռոմում տիրող իրավիճակը:
Անսովոր ծառը երկրպագուներ եւս ունի, այդ թվում՝ Twitter-ում, որտեղ անգամ առանձին էջ է բացվել՝ @Spelacchio անունով: «Ասում են, որ ինձ ցանկանում են տեղափոխել թանգարան. տե՛ղ տուր, Կարավաջո»,- նշվում է էջի գրառումներից մեկում:
Մինչ Մկրտության տոնը եղեւնին կհեռացվի եւ, իտալական Corriere della Sera թերթի տվյալներով, թանգարանում հայտնվելը տոնածառի միակ ճակատագիրը չէ. նշվում է, որ Հռոմի իշխանությունները մտադիր են ծառից փայտե տուն կառուցել, որում կանայք կարող են առանձնանալ՝ երեխաներին կրծքով կերակրելու կամ նրանց տակդիրները փոխելու համար:
Ակնկալվում է, որ տոնածառի ճակատագրի մասին կհայտարարվի հունվարի 8-ին կայանալիք մամուլի ասուլիսում:




























