Ավստրալիայի ազգային համալսարանի հնագետ Քրիսթին Քեյվը հերքել է միֆը այն մասին, որ մինչեւ ժամանակակից բժշկության  հայտնվելը մարդիկ հազվադեպ են ապրել մինչեւ 50 տարեկան, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

Քեյվը նոր մեթոդ է մշակել, որով ոսկորների միջոցով որոշում է մահացածների տարիքը։  Հետազոտության շրջանակներում գիտնականը  ուշադրություն է դարձնում,  թե որքան  են  մաշված մարդու ատամները: Հնագետն արդեն ուսումնասիրել է  մարդկանց մնացորդներ,  որոնք թաղվել են  երեք անգլոսաքսոնական գերեզմաններում 475-ից 625 թվականներին, իսկ արդյուքները ցույց են տվել, որ այս մարդիկ հազվադեպ չէ, որ մինչեւ խորը ծերություն են ապրել։

«Մարդիկ երբեմն մտածում են, որ այդ ժամանակ  40 տարեկան ապրելն արդեն  մեծ հաջողություն էր, բայց դա ճիշտ չէ: Մարդկանց շրջանում,  որոնք ավանդական կյանք էին  վարում առանց ժամանակակից բժշկության, մահվան ամենատարածված տարիքը 70 տարեկան է եղել»,-նշված է  Ավստրալիայի ազգային համալսարանի կայքում հրապարակված Քեյվի խոսքում:

Նա նաեւ բացատրել է, որ մահացածների տարիքի  միֆը լայն տարածում է գտել, քանի որ հնագետները բավարար մեթոդներ չեն ունեցել տարեց մարդկանց մատնանշելու համար: «Տարեց մարդիկ անտեսված են հնագիտական հետազոտություններում, եւ դրա պատճառը նրանց  մատնանշելու անկարողությունն է: Երբ որոշում  են երեխաների տարիքը, ուշադրություն են դարձնում զարգացման կետերին, ինչպիսիք են՝ ատամների առաջացումը կամ ոսկրերի ամրապնդումը, այս ամենը տեղի է ունենում որոշակի տարիքում:»,-նշել է նա։

Սակայն, երբ մարդիկ մեծանում են, ավելի դժվար է դառնում  նրանց տարիքը ոսկորների միջոցով որոշելը,  այդ պատճառով հետազոտությունների մեծամասնության դեպքում տարիքային ամենաբարձր կատեգորիան  40 պլյուսը կամ 45 պլյուսն է։