Վերջին տարիներին լարվածության ռեկորդներ գրանցող թուրք–գերմանական հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Այս փուլի սկիզբ կարելի է համարել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի այցը Գերմանիա։

Էրդողանի վարած արկածախնդիր եւ չափից ավելին ինքնավստահ քաղաքականությանը Գերմանիան արձագանքեց դեռ մի քանի տարի առաջ, որի շրջանակներում կրկին Թուրքիայի հետ հաշիվներ պարզելու համար Գերմանիան օրակարգ բերեց Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ առանց որեւէ տատանման ընդունեց այն։ Ինչպես սպասվում էր, Թուրքիան բավականին ցավագին ընդունեց այդ ապտակը, սակայն բավականին մեծ տնտեսական եւ ռազմական կախումը թույլ չտվեց Թուրքիային խզել հարաբերությունները Գերմանիայի հետ՝ բավարարվելով միայն դատապարտող հայտարարություններով եւ դեսպանին հետ կանչելու ավանդական դարձած քայլով։

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից շատ չանցած Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունենում։ Ձախողված փորձից հետո բազմաթիվ թուրք գեներալներ ու բարձրաստիճան զինվորականներ հեռացան Գերմանիա եւ ապաստան ստացան։ Ապաստան տրամադրելու Գերմանիայի քայլերը ավելի թեժացրեցին լարվածությունը։

Իսկ Գերմանիայում թուրք ընտրողների հետ թուրք նախարարների հանդիպումներն արգելելու որոշումների հետեւանքով լարվածությունը նոր մակարդակի բարձրացավ։

Թուրքիան իր հերթին քայլեր ձեռնարկեց Գերմանիայի դեմ։  Բավական է նշել ռուսական C-400 համակարգերի գնման համաձայնագրերը, փախստականների հարցով Եվրոպային շանտաժի ենթարկելը, գերմանացի լրագրողներին ձերբակալելը եւ գերմանացի պատգամավորների մուտքի արգելքը Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ ծառայում են գերմանացի զինվորականներ։

Սակայն այս ամենում ամենից շատ տուժող կողմ հանդիսացող Թուրքիան տարածաշրջանում վերաձեւավորվող քաղաքականության շրջանակներում Արեւմուտքի հետ կապի պահպանման խիստ անհրաժեշտություն է զգում հիմնական տնտեսական տեսանկյունից։

Թեւ ՌԴ–ի հետ հարաբերությունները բավականին ջերմացել են, Իրանի հետ եւս հարթ են հարաբերությունները, սակայն միանգամից մի քանի կենտրոնի՝ Իսրայելի, ԱՄՆ–ի, Եվրոպայի դեմ պայքարելը Թուրքիայի համար ծանր է, որի համար էլ Անկարան փորձեց Գերմանիայի հետ հարաբերությունները կարգավորելու առաջին քայլն անել ու պատրաստակամություն հայտնեց վերադառնալ նախկին հարաբերությունների մակարդակին։

Թուրքիայում  վերջին շրջանում Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը խիստ դժգոհություն է առաջացրել նաեւ Էրդողանի հավատարիմ ընտրողների շրջանում։  Թուրքական արժույթի շարունակական անկումը,  Եվրոպա արտահանվող մի շարք ապրանքատեսակների կրճատումը եւ Եվրոպայից եկող զբոսաշրջիկների հոսքի կտրուկ անկումը եւ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները ստիպեցին Էրդողանին հետքայլ անել, աչք փակել առայժմ քուրդ զինյալներին ու հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողներին ապաստան տրամարած Գերմանիայի քայլերին եւ գնալ հարաբերությունների կարգավորման։

Գերմանիան դրական պատասխանեց Թուրքիայի առաջարկին, ավելին, Գերմանիայի ԱԳ նախարարը Թուրքիայի նախագահի այցի ժամանակ նրան հյուրընկալում է իր տանը եւ թեյ հյուրասիրում, որի ժամանակ կողմերը խոսում են հարաբերությունները նախկին մակարդակին վերադարձնելու անհրաժեշտության մասին։

Հարաբերությունների կարգավորման շրջանակներում գերմանական հայտնի լրատվամիջոցների ազդեցիկ լրագրողներին Թուրքիայի վարչապետի աշխատակազմը հրավիրել է շրջագայության Թուրքիայում, որի ընթացքում լրագրողները հանդիպումներ կունենան Թուրքիայի ԱԳ եւ Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի ու այլ պաշտոնյաների հետ։

Սակայն չպետք է սպասել, որ թուրք–գերմանական հարաբերություններն արագ կկարգավորվեն։ Երկու կողմն էլ մեկը մյուսից պահանջներ ունեն, որոնց կատարումը գրեթե բացառվում են, համենայն դեպս մոտ ժամանակներում։

Անդրանիկ Իսպիրյան