Հնագիտական հուշարձանները Հայաստանի գանձերն են եւ լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Այս մասին հունվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տոկիոյի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան։

Դոկտոր Արիմուրան արդեն 5 տարի է համագործակցում է ԳԱԱ Հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտի հետ, նրա հետաքրքրության առարկան նեոլիթի շրջանն է։

Լրագրողներին ներկայացնելով նեոլիթի հասկացությունը՝ դոկտոր Արիմուրան պատմել է,  որ աշխատել է Սիրիայում եւ Թուրքիայում, Կենտրոնական Ասիայում եւ Վրաստանում: «Սիրիայում եւ Թուրքիայում նեոլիթի շրջանի շատ հուշարձաններ կան: Սակայն, Կովկասյան ժամանակաշրջանի վերաբերյալ մեր տվյալները 10-ից մինչեւ 6 հազարարյակների մասին պետք է ընդլայնել, ուսումնասիրել »,-նշել է դոկտորը։  

Խոսելով Արմավիրի մարզում 2017 թվականին հայտնաբերված Լեռնագոգի կայանի մասին (մ․թ․ա․ 8-7 հազարամյակներ)՝ փորձագետը նշել է, որ նախկինում Արարատյան դաշտավայրում իրականացվել են բազմաթիվ պեղումներ: Սակայն այնտեղ 6-րդ հազարամյակից ավելի հին կայաններ չեն գտնվել: «Քանի որ ավելի հները չկան, մենք փորձեցինք փնտրել այլ տեղ: 5 տարի առաջ մենք սկսեցինք մեր հետազոտական աշխատանքները եւ գտանք Լեռնագոգում: Այս տարի ես իմ գործընկերների եւ իմ աշակերտների հետ պեղումներ եմ անցկացրել: Մենք օբսիդյանից եւ ոսկորներից շատ առարկաներ ենք գտել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայանը մ.թ.ա. 7 հազարամյակից էլ հին է: Անակնկալը Լեռնագոգի ճարտարապետական հայտնագործությունն էր:Տարածաշրջանում սա եզակի է այդ ժամանակաշրջանի համար: Ցավոք, դեռեւս ամեն ինչ պեղված չէ, այս տարի ամբողջովին կպեղենք: Այլ երկրների համար` Սիրիա, Թուրքիա, դա եզակի չէր լինի, քանի որ հայտնի է, որ նշված ժամանակահատվածում այնտեղ սկսվել էին կառուցել։ Լեռնագոգի բացահայտումը զարմացնում է: Սակայն, կարծում եմ, շարունակական պեղումների դեպքում կարող ենք գտնել նմանատիպ այլ  կայաններ»,- նշել է Արիմուրան` հավելելով, որ նախկինում նման հուշարձաններ Արմավիրում հայտնի չեն եղել:

«Ճարտարապետական հուշարձանները պետք է պահել եւ պաշտպանել, որովհետեւ հակառակ դեպքում  դրանց սպառնում է ոչնչացման վտանգը: Դրանք  Հայաստանի գանձերն են», - ընդգծել է Արիմուրան:

Նրա գնահատմամբ, նեոլիթի ժամանակաշրջանի տեսանկյունից Հայաստանն առանձնահատուկ  կարեւորություն ունի։  Այստեղ հայտնաբերվել է վայրի ցորեն, եւ հնարավոր է, որ ցորենացանը սկսվել է հենց  այս տարածաշրջանից: «Այստեղ շատ լավ մասնագետներ կան, ինչը շատ կարեւոր է համագործակցության առումով»,-ավելացրել է ճապոնացի փորձագետը: