Նյու Յորք նահանգի իշխանությունները ժամանակավորապես կստանձնեն նույնանուն մեգապոլիսի տեսարժան վայրերի՝ Ազատության արձանի եւ Էլլիս կղզու ծախսերը, որոնք ավելի վաղ փակվել էին ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարության մեջ:
Հունվարի 20 եւ 21-ին 2 տեսարժան վայրն էլ փակվել էր այցելուների համար «հատկացումների ժամանակավոր դադարեցման պատճառով»: Նրանց, ովքեր արդեն տոմսեր էին գնել, առաջարկվել էր այլ էքսկուսիաների գնալ: Ինչպես նշել են նահանգապետի ներկայացուցիչները, այժմ նահանգի բյուջեից ամեն օր 65 հազար դոլար է հատկացվելու ծախսերի համար, որպեսզի ցանկացողները կարողանան հունվարի 22-ից այցելել Ազատության արձան եւ Էլլիս կղզի:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս տեսարժան վայրերը շատ կարեւոր են Նյու Յորքի եւ ամբողջ նահանգի տնտեսության համար: 2016-ին 4,5 մլն մարդ է այցելել Լիբերտի կղզի, որտեղ գտնվում է Ազատության արձանը, որոնք մոտ 263,2 մլն դոլար են ծախսել: Սա թույլ է տվել աշխատանքով ապահովել գրեթե 3,4 հազար մարդու:




























