Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի 60-րդ տարեդարձը կլրանա հաջորդ տարի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի կարեւոր հենքերից է։ Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ՝ Նախագահը նշել է, որ իր համոզմամբ, բոլոր անդամ պետությունները պետք է անեն հնարավորը՝ դատարանի հեղինակությունը բարձր պահելու համար, քանի որ դա բխում է անդամ պետությունների եւ նրանց քաղաքացիների շահերից: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, որը նաեւ Հայաստանի դատական համակարգի բարեփոխման, արդարադատության որակի բարձրացման, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման եւ ընդհանրապես եվրոպական ընտանիքի չափանիշներին մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը առավելագույնս համապատասխանեցնելու տեսանկյունից շատ կարեւոր է:

Գիդո Ռայմոնդին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին ստրասբուրգյան իր ծանրաբեռնված այցի շրջանակներում ՄԻԵԴ եւս այցելելու համար եւ կարեւորել նման հանդիպումներն ու շփումները: ՄԻԵԴ նախագահը ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման եւ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա համոզմամբ, ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աջակցությունը զգալիորեն կնպաստի նաեւ ՄԻԵԴ-ում ստացվող դիմումների քանակի նվազեցմանը: Գիո Ռայմոնդին գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միացել են Եվրոպայի գերագույն դատարանների միասնական ցանցին, որը տեղեկատվության փոխանակման կարեւոր հարթակ է եւ որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 64 բարձր դատարաններ: