Արմեն Սարգսյանը դրսից բերված մարդ չէ, նա Միացյալ Թագավորությունում եւ Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ դեսպանն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Պնդումները, թե Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնի համար առաջադրված Արմեն Սարգսյանը չի կարող պատշաճ կերպով տեղյակ լինել հանրապետությունում առկա խնդիրներից, ԱԺ փոխնախագահը սխալ եւ անարդար համարեց։ «Նա դիվանագետ է, որը նշանակվել է այդ պաշտոնին Հայաստանի նախագահի համապատասխան հրամանագրով։ Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից , որն այդ պաշտոնին նշանակվել է Հայաստանի երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից»,- ասել է Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ն համարում է, որ Արմեն Սարգսյանը լիովին համապատասխանում է եւ արժանի է զբաղեցնել առաջարկված պաշտոնը՝ հաշվի առնելով նրա անձնական որակներն ու դեսպանի պաշտոնում ակտիվ գործունեությունը։