ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը պատրաստ կլիներ կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարի Փարիզյան համաձայնագրից դուրս գալու իր որոշում վերանայել մի պայմանով՝ եթե դրա դրույթները Միացյալ Նահանգներին ձեռնտու լինեին: Association Press-ը հայտնում է, որ Թրամփն այս մասին նշել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում, որն հունվարի 28-ին ավելի ուշ կցուցադրվի ITV-ի եթերում:

«Ես կվերադառնայի՞ համաձայնագրի անդամների կազմ: Այո՛, կվերադառնայի»,- ասել է նա՝ խոսելով Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ իր մոտեցման հնարավոր փոփոխության թեմայով:

«Ինչպես գիտեք, ինձ դուր է գալիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ես հաճույքով դա կանեի, սակայն դա Միացյալ Նահանգների համար պետք է լավ գործարք լինի»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Էմանուել Մակրոնը, որի հետ Սպիտակ տանը գտնվելու մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում Թրամփն արդեն մի քանի հանդիպում է անցկացրել, համաձայնագրի առավել թունդ պաշտպաններից մեկն է:

Ըստ որում՝ Թրամփը չի մանրամասնել, թե հատկապես ինչ պետք է փոխել համաձայնագրում, որ այն իրեն գոհացնի: