Twitter միկրոբլոգների ծառայությունում կեղծ ավտոմատացված հաշիվների (բոթեր) տերերը 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփի ուղերձները 10 անգամ ավելի շատ են վերաթվիթել, քան նրա մրցակից՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի գրառումները: Այս տվյալները շարադրված են Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի հարցերին Twitter ընկերության գրավոր պատասխանում, հայտնում է CNN-ը:

Հրապարակման համաձայն՝ մոտ 50 հազար բոթեր, որոնք կապ են ունեցել Ռուսաստանի հետ, շարունակաբար՝ 2016-ի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը ԱՄՆ ընտրություններին վերաբերող 2,1 մլն թվիթ են ուղարկել: Այս ուղերձներից մոտ 500 հազարը բաժին է հասել այդ ժամանակ դեռեւս Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Թրամփի գրառումների վերաթվիթմանը: Նույն ժամանակահատվածում Քլինթոնի վերաթվիթների թիվը  10 անգամ փոքր է եղել:

Twitter-ը համառորեն պնդում է, որ այդ բոթերը «ընդհանուր ակտիվության չափազանց աննշան մասն են կազմել: Նշված 2,1 մլն թվիթները կազմում են բոլոր գրառումների ընդամենը 1 տոկոսը, որոնք օգտատերերը տեղադրել են 2016 թվականի ամերիկյան ընտրությունների հետ կապված: