ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ից Մեծ Բրիտանայի դուրս գալու պայմանները Բրյուսելում իշխանությունների հետ ավելի կոշտ դիրքորոշմամբ կքննարկեր, քան Միացյալ Թագավորության վարչապետը: Թրամփն այս մասին ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ հարցազրույցում, որը հունվարի 28-ին ավելի ուշ կհեռարձակվի ITV-ի եթերում, հայտնում է Reuters-ը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում ԵՄ-ի հետ երկխոսությունում Մեյի դիրքորոշումը, ԱՄՆ վարչակազմի ղեկավարն ասել է. «Արդյոք ես այդ կե՞րպ կվարեի բանակցությունները: Ո՛չ»: «Ես այլ վերաբերմունք կունենայի»,- հավելել է Թրամփը:
«Ես կասեի, որ Եվրամիությունն այն աստիճան չի թուլացել, ինչպես ենթադրվում է: Ես դուրս գալու հարցում ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրեի»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահն այս հարցազրույցում նաեւ ասել է, որ իր համար սպասելի էր Brexit-ի կողմնակիցների հաղթանակը 2016 թվականին անցկացված ԵՄ-ին Մեծ Բրիտանայի հետագա անդամակցության հարցով հանրաքվեին, քանի որ հասկանում է ներգաղթյալների հոսքի առաջացրած խնդիրներով բրիտանացիների մտահոգությունը: «Նրանք չեն ցանկանում, որ ամբողջ աշխարհից մարդիկ գան Մեծ Բրիտանիա: Չէ՞ որ նրանք այդ մարդկանց մասին ոչ մի բան չգիտեն»,- պարզաբանել է Թրամփը:




























