Եթե մենք անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ապա պառլամենտի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Ի՞նչ է նշանակում կառավարության առընթեր մարմնում ԱԺ-ն չպետք է ունենա ներգրավվածություն, որովհետեւ դրանով կխախտվի իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը: Մենք մոռանո՞ւմ ենք, որ ԱԺ-ն պատերազմ եւ խաղաղություն հայտարարող մարմինն է, թիվ մեկ քաղաքական մարմինն է: ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ, հիմա որոշեցինք, որ այդ ամենից բացառություն պետք է կազմի պաշտպանության ոլո՞րտը», - նշեց Պետրոսյանն ու հավելեց. «Զինապարտության եւ պաշտպանության հետ կապված մնացած օրենքները ԱԺ-ն չի՞ ընդունում»:
Նա չամաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի այն պնդման հետ, որ նոր Սահմանադրությունն արդեն իսկ արգելում է ԱԺ նախագահին իբրեւ պատգամավոր զբաղեցնել իր կարգավիճակի հետ չպայմավանավորված պաշտոն։
«Սա ճիշտ իր կարգավիճակով է պայմանավորված։ ԱԺ պատգամավորը, եթե մասնակցում է պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրությանը, իրավունք ունի նաեւ մասնակից լինել պաշտպանության քաղաքականություն մշակող պատասխանատու մարմնի գործառույթներին։ Մի քիչ հումորի կարգով՝ բա ինչպե՞ս է պարոն Թովմասյանը համատեղում երբեմն կառավարության փաստաբանի եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները», - ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ Անվտանգության խորհրդի կազմում ԱԺ-ն ներկայացուցիչ չի կարող չունենալ:
Գեւորգ Պետրոսյանն առաջարկեց, որ Անվտանգության խորհրդի կազմում կարող է ԱԺ-ից ներկա լինել ոչ թե ԱԺ նախագահը, այլ խորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհդրում:
Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:
Մտավախություն ունե՞ր հանրային կարծիքից, թող չներեր. գաղտնի ներելու իմաստը ո՞րն է. Մարուքյան
Հայաստանում ներման իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից եւ տրվում վարչապետին. Մարուքյան




























