«Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան պետք է փոխգործակցեն Կորեական թերակղզու ապանուկլեինացման իրականացման նպատակով եւ այդ ընթացքում չենթարկվեն Հյուսիսային Կորեայի կողմից «դիվանագիտական ժպիտների» ավելորդ ազդեցությանը: Kyodo գործակալությունը հայտնում է, որ այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն, որն այցով Բրունեում է գտնվում:

«Ես կցանկանայի Վաշինգթոնի եւ Սեուլի հետ սերտորեն աշխատել Կորեական թերակղզու ապանուկլեինացման վերջնական նպատակի իրականացման համար: Ըստ որում՝ չի կարելի կուրանալ  Հյուսիսի կատարմամբ «ժպիտների դիվանագիտությամբ»,- ասել է նա: Խոսելով Փհյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերից մեկ օր առաջ Հյուսիսային Կորեայում անցկացված զինվորական շքերթի մասին՝ Կոնոն ընդգծել է, որ սա, իր կարծիքով, վկայում է հրթիռամիջուկային ծրագիրը շարունակելու Հյուսիսի հրապարակային մտադրության մասին:

Նախօրեին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Սեուլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահության նախագահ Կիմ Յոն Նամի եւ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարազատ քրոջ՝ Կիմ Յո Չժոնի հետ: Հանդիպման առանցքային պահը Կիմ Չեն Ընի նամակի եւ բանավոր ուղերձի փոխանցումն էր, որում նա Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան այցելել՝ կարճ ժամանակում երկկողմ գագաթնաժողով անցկացնելու համար: Մուն Չժե Ինը, նրա վարչակազմի տեղեկացմամբ, ի պատասխան ստացած հրավերքի հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք իր այցելությունը հնարավոր է, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն: