Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Լատվիայի իշխանությունների` իրեն երկիր մուտք գործելու արգելքի մասին որոշումը: Այս մասին Կադիրովը գրել է Telegram-ի իր էջին, փոխանցում է «Լենտա»-ն:

«Դե, եթե Լատվիան մեր նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում, մենք՝ որպես այլ ավանդույթներով եւ արժեքներով դաստիարակված մարդիկ, բոլոր լատվիացիներին հրավիրում ենք Չեչնիա: Ես գիտեմ, որ սեյմը պատժամիջոցների մասին որոշում կայացնելիս չի առաջնորդվել Լատվիայի ժողովրդի շահերով, այլ ուզում էր հաճոյանալ փղին: Ուրիշ ի՞նչ է մնում անել քոթոթին»,- գրել է Կադիրովը:

Հանրապետության ղեկավարը նաեւ հեգնանքով նշել է, որ շատ է ցավում, որ չի կարող գնալ Ռիգա, քանի որ «օր ու գիշեր, տանը եւ աշխատանքի վայրում» երազում էր դրա մասին: Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին, հանրապետության ղեկավարի մամուլի խոսնակ Ալվի Կարիմովը հայտնել է, որ Ռամզան Կադիրովը հաջորդ 30 տարիներին չի նախատեսում այցելել Լատվիա:

Փետրվարի 22-ին Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը Twitter-ի իր էջին գրառում էր հրապարակել, որում նշել էր, որ Լատվիան մուտքի արգելք է սահմանել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակում» ներառված 49 արտասահմանցիների նկատմամբ: Լատվիայի լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցակում կա նաեւ Ռամզան Կադիրովի անունը: