Հյուսիսային Կորեայի առաջնորդի խորթ եղբայրը մտավախություն էր հայտնել իր կյանքի համար Մալայզիայում սպանվելուց մի քանի ամիս առաջ, հայտնում է AFP-ն։

Նոր մանրամասները հայտնի են դարձել երկու կանանց դեմ գործով դատավարության ընթացքում, որոնց մեղադրում են Կուալա Լումպուրի օդանավակայանում անցած տարվա փետրվարի 13-ին տեղի ունեցած Կիմ Չեն Նամի սպանության մեջ ։

Դատապաշտպանները հավաստիացնում են, որ կանայք սպանել են Կիմ Չեն Նամին ոչ կանխամտածված ձեւով, պնդելով, որ իրենց պաշտպանյալները համարում էին, որ մասնակցում են ինչ-որ հեռուստաշոուի։

Դատավարության ընթացքում լսվել են ականատես Թոմի Յոշիոնի վկայությունները։ Նա Կիմ Չեն Նամի ծանոթն է եղել, որը իր վարորդին ուղարկել էր նրան օդանավակայանում դիմավորելու։ Նրա խոսքով՝ սպանությունից կես տարի առաջ Կիմը  խոստովանել էր, որ իր կյանքը վտանգի մեջ է։

Փաստաբաններից մեկը իշխանություններին մեղադրել է այս գործում չորս հյուսիսկորեացիների մասնակցությունը պատշաճ ձեւով չհետաքննելու մեջ։ Այդ կասկածյալները կանանց խաբեությամբ ներառել էին սպանության մեջ։Այդ չորսին տեսել էին օդանավակայանում։

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամին սպանել էին 2017-ի փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում։ Հարձակմանը երկու կին է մասնակցել։ Մեկը շեղել է Կիմի ուշադրությունը, իսկ մյուսն այդ ընթացքում ետեւից Կիմի դեմքին է նետել թունավոր նյութով ներծծված թաշկինակ։ Նամի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է։

Պարզվել է, որ սպանության համար գործածվել էր մարտական թունավոր նյութ, որը հայտնի է որպես VX: