Գարնանային ջրամատակարարմանն ընդառաջ ոռոգիչ ջրանցքների մաքրման եւ նորոգման միջոցառումների մեծ մասը հարակից բնակավայրերից արտանետված կենցաղային եւ այլ թափոններից մաքրումն է կազմում: Այս մասին մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա՝ սա խանգարում է լիարժեք ոռոգիչ ջրամատակարարմանը եւ լրացուցիչ ծախսերի է հանգեցնում: «Խնդիրը պարզ է. Ջրանցքներն աղտոտված են կենցաղային թափոններով. մենք բողոքում ենք, որ ջուր չկա: Արդյունքում, մենք լրացուցիչ գումար ենք ծախսում դրանց մաքրման համար՝ այն դեպքում, երբ ինքներս ենք ստեղծում խնդիրը»,- ասաց վարչապետը:

Այս կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, մարզպետարանների ղեկավարներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից կենցաղային թափոնների աղտոտման դեպքերի կանխարգելմանն ուղղված համապարփակ միջոցառումներ կազմակերպել եւ անհրաժեշտության դեպքում ներգրավել նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին հանձնարարվեց մեկ ամսվա ընթացքում ոռոգիչ ջրանցքների մեջ թափոնների արտանետման համար տուգանքների խստացմանը վերաբերող փոփոխություններ մշակել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում: