Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ–թուրքական արձանագրությունների չեղարկմամբ Հայաստանը շրջեց իր պատմության այդ էջը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը։
Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ ինքը ժամանակին ակտիվորեն հանդես է եկել այդ արձանագրությունների ստորագրման օգտին։
«Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն անկախ պետություն դարձավ, կարծիք էր ձեւավորվել, որ Հայաստանն ապագա չունի, քանի որ իր ապագան կապել է պատմական մի բեռի հետ, որի պատճառով որոշակի բարդություններ է ունեցել, իսկ դա թույլ չի տա նրան զարգանալ», - պարզաբանել է Բեքարյանը:
Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ Թուրքիան փորձել է օգտագործել այդ` քարոզելով եւ զարգացնելով այդ մոլորությունը՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ հետխորհրդային տարածքում, հատկապես Կենտրոնական Ասիայում: Սակայն, Բեքարյանի կարծիքով, 2009 թ. Հայաստանը կարողացավ ամբողջ աշխարհին ապացուցել հակառակը, երբ Հայաստանի նախագահը առաջարկեց վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ցրելով այդ նախապաշարմունքները:
Միեւնույն ժամանակ, խորհրդարանի պատգամավորը նշել է, որ գործընթացը բավականին բարդ էր զարգանում, քանի որ նախաձեռնությունը միշտ չէ, որ ստանում էր հայ հասարակության եւ հայկական սփյուռքի աջակցությունը: Այդ ամբողջ ընթացքում Երեւանը, նրա խոսքով, իրականացրել է ակտիվ եւ ադեկվատ քաղաքականություն` ուղղված արձանագրությունների վավերացմանը, սակայն Թուրքիան աստիճանաբար սկսել է առաջադրել նախապայմաններ, փորձել է ստանալ որոշակի դիվիդենտներ: Միեւնույն ժամանակ, ըստ պատգամավորի, հայկական կողմի դիրքորոշումն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
«Հայաստանը ոչ ոքի հետ չի խոսում նախապայմանների լեզվով եւ թույլ չի տալիս, որ իր հետ այդ լեզվով խոսեն»,–շեշտել է Բեքարյանը։




























