ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-7-ը  մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):

Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, եւ ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների եւ մասնավոր ընկերությունների ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 125 երկրից։ 

Ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս  համաշխարհային հանքարդյունաբերական համայնքին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին եւ գիտական նվաճումներին, քննարկել զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ դիտարկել հնարավոր մարտահրավերներն ու առաջադրել լուծումներ:

PDAC-ն համարվում է  հանքարդյունաբերության  զարգացման  ժամանակակից միտումների եւ ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ, որտեղ նաեւ կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ներուժը:

Վարդան Գեւորգյանը  մասնակցել է  նաեւ կոնֆերանսի շրջանակում անցկացվող կառավարությունների ներկայացուցիչների կլոր սեղաններից մեկին, որտեղ իրենց երկրների փորձն են ներկայացրել նաեւ Սերբիայի եւ Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները:  Նախարարի  տեղակալ Գեւորգյանը ներկայացրել է  վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները: Այդ համատեքստում  մասնավորապես կարեւորվել է երկրաբանական ֆոնդի տեղեկատվության թվայնացումը: Անդրադարձ է եղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամակցությանը:

Տորոնտոյի  ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաեւ հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Հայաստանից ներկայացված է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացնողն է։