ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կարող է հաղթել առեւտրային պատերազմում, սակայն իր առջեւ նման նպատակ չի դնում: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահը միանգամայն համոզված է, թե դա ինչով կավարտվեր, մենք կհաղթեինք, սակայն նպատակը դա չէ: Նպատակը ազատ, ազնիվ, փոխադարձության վրա կառուցված առեւտուրն է: Մենք հույս ունենք, որ դրան կմիանան մյուս երկրները»,- ասել է Սանդերսը:
Սանդերսին հարց է ուղղվել, թե ինչպես է Սպիտակ տունը գնահատում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի դիրքորոշումը, որը կտրականապես դեմ է արտահայտվել իր կուսակից Թրամփի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու ծրագրերին: «Մենք խոսնակ Ռայանի հետ հրաշալի հարաբերություններ ունենք, որոնք այսուհետեւ էլ հոյակապ կլինեն, սակայն դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում պետք է համաձայնվենք»,- ասել է Սանդերսը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ առեւտրային պատերազմը «լավ» է, եւ դրանում ԱՄՆ-ի «հեշտ հաղթանակ» էր կանխատեսել: Առեւտրային պատերազմի մասին սկսեցին խոսել, երբ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքերի կտրուկ բարձրացման մասին իր ծրագրերը, իսկ ԵՄ-ն եւ մյուա առեւտրային գործընկերները հայտարարեցին հնարավոր պատասխան միջոցառումների մասին:


























