Դեկտեմբերի վերջը Հայաստանում աշխատավարձերի, նպաստների, պարգեւավճարների վճարման ժամանակն է։ Հիմնարկների մեծ մասը ձգտում է ժամանակից շուտ վճարել աշխատավարձը, հնարավորության դեպքում՝ պարգեւավճար տրամադրել, որպեսզի աշխատակիցները կարողանան հոգալ նոր տարվա սեղանի պատրաստման ու նվերների գնման ծախսերը։ Բնականաբար՝ բանկային համակարգն իր գանձարկղային մնացորդների հաշվին անկարող է սպասարկել կանխիկի նկատմամբ պահանջարկի կարճաժամկետ ուժեղ աճը։ Մեր հաշվարկներով՝ դեկտեմբերի վերջին տասնօրյակում բանկային համակարգին անհրաժեշտ է լրացուցիչ մոտ 40-50 մլրդ դրամ կանխիկ դրամ (մոտ 110- 140 մլն դոլար)։ Հաշվի առնելով Հայաստանում կանխիկի շրջանառության ծավալները՝ սա բավական մեծ գումար է։

Դեկտեմբերի վերջին շաբաթում կանխիկ փողի նկատմամբ մեծ պահանջարկը ստիպում է կենտրոնական բանկին՝ լրացուցիչ դրամներ նետել դեպի շրջանառություն։ Ունեցել ենք տարիներ, երբ օրական 10-15 մլրդ դրամ է նետվել դեպի շրջանառություն։ 2010 թ. վերջում նույնպես շրջանառությունում փողը ավելացել է, սակայն ավելի չափավոր տեմպերով։ Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ կանխիկ փողի ծավալն իր պիկին հասել է դեկտեմբերի 29-ին՝ կազմելով մոտ 352 մլրդ դրամ (մոտ 980 մլն դոլար)՝ նոյեմբերի վերջի 315 մլրդ դրամի (մոտ 875 մլն դոլար) համեմատ։ Այսպիսով՝ միայն դեկտեմբերին կանխիկ փողն ավելացվել է 37 մլդ դրամով, որի 60 տոկոսը բաժին է ընկնում դեկտեմբերի վերջին տասնօրյակին։

Կառավարությունում կանխատեսել էին փողի նկատմամբ պահանջարկի աճը եւ որոշ կանխարգելիչ միջոցներ ձեռք առել։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ թոշակների վճարումն իրականացվեց ոչ թե դեկտեմբերի վերջում, ինչպես նախորդ տարիներին, այլ հունվարի սկզբին: Դրա հետեւանքով հունվարի սկզբին փողի բազան շարունակում էր աճել (սովորաբար տեղի է ունենում հակառակը), իսկ հունվարի 7-ին կանխիկ դրամի ծավալը մոտ 360 մլրդ էր (մոտ 1 մլրդ դոլար)։ Սա վերջին տարիների բացարձակ ռեկորդն է:

Նշենք, որ փողի քանակության չափազանց բարձր աճը նպաստում է գնաճին, կարող է անդրադառնալ նաեւ փոխարժեքի վրա:

Սամվել Ավագյան