Հնդկաստանը Ֆրանսիան դիտարկում է որպես պաշտպանության ոլորտում իր ամենահուսալի գործընկերներից մեկը, հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պաշտպանության հատվածում մեր համագործակցությունն անչափ հագեցած եւ խորն է, եւ մենք Ֆրանսիան դիտարկում ենք որպես այս ոլորտում մեր ամենահուսալի գործընկերներից մեկը»,- հետեւում է Մոդիի հայտարարությունից, որը նվիրված է այս օրերին Հնդկաստանում անցնող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին:

Մոդին հիշեցրել է, որ Հնդկաստանին եւ Ֆրանսիային կապում է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործում սերտ համագործակցությունը, իսկ 2 երկրների զինվորականները պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում:

«Ես կարծում եմ, որ այսօր ստորագրված համաձայնագիրը՝ 2 երկրների բանակների լոգիստիկ աջակցության ցուցաբերման մասին, մեր սերտ ռազմական համագործակցության պատմության մեջ շրջադարձային նշաձող է»,- ասել է Հնդկաստանի վարչապետը: