Հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակից, որ ունենք։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Բեյրութում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպումից հետո։

Ըստ վարչապետի, մենք չափազանց մեծ ներուժ ունենք՝ դրանք զարգացնելու համար: «Մենք խոսել ենք այն հնարավորությունների մասին, որ ունեն մեր երկու երկրները: Մասնավորապես, մենք չենք թաքցնում եւ շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան, եւ ֆիքսել ենք այն առավելություններն ու հնարավորությունները, որ այսօր Հայաստանն ունի. արձանագրել ենք այն փաստը, որ լինելով Եվրասիական միության անդամ, ունենալով GSP+ ռեժիմ Եվրոպական միության հետ, ազատ տնտեսական գոտի Իրանի հետ սահմանին, ինչպես նաեւ այն բիզնես հնարավորություններն ու միջավայրը, որն այսօր ձեւավորում ենք Հայաստանում, հնարավորություն են տալիս, տեղակայվելով Հայաստանում, մտնել բավական մեծ շուկաներ, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի»,- ասել է վարչապետը:

«Որո՞նք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք բազմաթիվ են՝ թեթեւ արդյունաբերություն, ոսկերչություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն: Նաեւ պայմանավորվել ենք այսօր, որ կշարունակենք բանակցությունները հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, որը կաջակցի երկկողմ նախաձեռնություններին: Խոսել ենք նաեւ արեւային եւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին:

Առանձնակի անդրադարձել ենք նաեւ, թե ինչ դերակատարում ունի մեր սփյուռքը Լիբանանում, որ լիբանանահայերն իրականում մեր դեսպաններն են այստեղ եւ Լիբանանի դեսպանները՝ Հայաստանում, ու լինելով առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ մեծ դերակատարում ունեն մեր երկու երկրների բարեկամական կապերի մեջ»,- նշել է Կարապետյանը:

Վարչապետը նաեւ Սաադ Հարիրիին հրավիրել է այցելել Հայաստան: «Նաեւ պայմանավորվել ենք օգտագործել միջկառավարական մեր հանձնաժողովը, նախապատրաստել այնպիսի օրակարգ, որ պարոն Հարիրիի այցի ժամանակ կարողանանք անցկացնել նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստ»,- ասել է Կարապետյանը: