Ազգային ժողովի, ինչպես նաեւ մյուս ներկայացուցչական մարմինների նիստերը, այդ թվում՝ ավագանունը, երբեք դտնփակ չեն դառնա։ Այս մասին մարտի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նա հավաստիացրել է, որ խորհրդարանական լսումները եւ նիստերը միշտ հրապարակային կլինեն. «Կառավարության եւ խորհրդարանի գործառույթները հիմնավորապես տարբերվում են՝ խորհրդարանը կոչված է կատարել խոստումները, որոնք ժողովրդին տրվել են ընտրությունների ժամանակ, իսկ կառավարությունը քաղաքականություն է մշակում եւ իրականացնում եւ պարտադիր չէ, որ այդ գործընթացը հրապարակային լինի»,–նշել է Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով, եթե կառավարության նիստերը դռնփակ լինեն, դա չի նշանակի, որ դրանց արդյունքները հասանելի չեն լինի մամուլի եւ հանրության համար. «Կարծում եմ, որ ե՛ւ մամուլի, ե՛ւ հասարակության համար ավելի կարեւոր են նիստերի արդյունքները, ոչ թե դրանց ֆորմատը»,–հավելել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխություններով, ապրիլից կառավարության նիստերը կդառնան դռնփակ մամուլի համար։



























