Քալիֆորնիայում մեքենան խոյահարել է ամերիկյան ռազմաօդային ուժերի բազայի դարպասները եւ այրվել, վարորդը տեղում մահացել է։ Այս մասին նշված է բազայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 21-ին Թրեւիս ավիաբազայում, որը տեղակայված է Քալիֆորնիայի հյուսիս–արեւմուտքում՝ Սոլանո օկրուգում։
Ավիաբազայում ոչ ոք չի տուժել։ Իրականացվում է հետաքննություն։ CBS հեռուստաալիքի հաղորդմամաբ, մեքենայում պրոպանով լցված տարաներ են եղել։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ վարորդը միտումնավոր է հրդեհել մեքենան։
Հեռուստաալիքի տվյալներով, քննիչները կատարվածն ահաբեկչական գործողություն են դիտարկում։ Հետաքննությանն է միացել նաեւ Հետախուզությունների դաշնային բյուրոն։ Վարորդի ինքնությունը քննիչներին հայտնի է, սակայն չի հրապարակվում։



























