Կարեն Կարապետյանը ապացուցել է, որ կարող է լինել լիդեր։ Այդ մասին , NEWS.am-ի հետ զրույցում պնդել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որը վարչապետ Կարեն Կարապետյանի կադրն է համարվում: Կառավարության ներկայացուցիչը խուսափել է մեկ պատճառ նշել, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելը անհրաժեշտություն է:

«Կոռեկտ չի, որ ես պիտի ասեմ պատճառներ Սերժ Սարգսյանի մնալու անհրաժեշտության մասին, հարցը պետք է քննարկվի համապատասխան տեղ, համապատասխան մարդկանց կողմից»,-ասել է Իգնատի Առաքելյանը:

Նա զարմացել է հարցից, թե հավանական է համարում իր պաշտոնավարումը Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունում: Նա նշել է, թե հիմա էլ Սերժ Սարգսյանն է երկիրը ղեկավարում, իսկ ինքը նախարարի պաշտոնում է:

Իգնատի Առաքելյանը հրաժարվել է մեկնաբանել  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի խոսքերը, թե  Կարեն Կարապետյանը  ապագա կառավարությունում չի կարող լինել վարչապետ, քանի որ Արցախից եւ պատերազմից ոչինչ չի հասկանում:  

«Ես չեմ կարող մեկնաբանել ուրիշի խոսակցությունը: Կարեն Կարապետյանը էսօր էլ է լիդեր եւ ապացուցել է շուտվանից, որ կարող է լիդեր լինել»: