ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նույն մարզի բնակիչ Ա. Զ.-ն հայտնել է, որ 23.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն իրեն տարել են ոստիկանություն եւ տեւական ժամանակ պահելով այնտեղ` բռնություն գործադրել իր նկատմամբ. հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Միաժամանակ հարկադրել են խոստովանել, թե իբր տեսել է, որ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս է հասցրել Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն:

Արդյունքում, ոստիկանությունից շուտ դուրս գալու համար, Ա. Զ.-ն հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որ ականատես է եղել, թե ինչպես է Ա. Մ.-ն փայտով հարվածել Գ. Ղ.-ի գլխին, թեեւ իրականում նման դեպքի ականատես չի եղել:

Կատարվում է նախաքննություն: