2018թ. մարտի 17-ից 22-ը  Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) 47–րդ նստաշրջանը, որին մասնակցել են շուրջ 110 երկրների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր կազմակերպությունների, էկոլոգիական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանից նստաշրջանին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կլիմայի փոփոխության եւ մթնոլորտային օդի պահպանության  քաղաքականության բաժնի պետ  Ասյա Մուրադյանը:

Նստաշրջանը նվիրված էր Կլիմայի փոփոխության միջկառավարական հարթակի ստեղծման /IPCC/-ի 30-ամյակին, որտեղ ներկայացվել են 30 տարվա ընթացքում հարթակի կողմից կատարված աշխատանքների հիմնական նվաճումները։

Կլոր սեղանի շուրջ քննարկվել են կլիմայի փոփոխության հնարավոր հետեւանքները: Նշվել են IPCC-ի աշխատանքի կարեւորությունն այն առումով, որ այն ներկայացնում է կլիմայի փոփոխության  իրական պատկերը իր բարդություններով եւ խորհրդատվություն է տալիս որոշումներ ընդունող քաղաքական ատյաններին: Փաստվել է, որ ջերմոցային գազերի արտանետումների կայունացումը գլոբալ առումով դեռեւս չի հաստատվում եւ նույնիսկ 2017թ. արտանետումները գերազանցում են 2016թ. արտանետումները:

Քննարկվել են մասնավորապես՝ 1,5օ տաքացումը չգերազանցելու հնարավորությունները, կլիմայի փոփոխության եւ հողի ու հիդրոսֆերայի կապերը։ Մանրամասնությամբ ներկայացվել են ջերմոցային գազերի գույքագրմանը վերաբերող հարցերը, բացահայտված թերությունները եւ Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրմանMRV համակարգի կարեւորությունը: Կարեւորվել է նաեւ իրազեկման եւ կրթության բնագավառը։

Աշխատանքային խմբերի նախագահների կողմից ներկայացվել են գործընթացը համակարգողների ընտրության մեխանիզմները  եւ շեշտը դրվել է զարգացող երկրներից գիտնականների ընտրության, նրանց ներգրավվածությունն ապահովելու հնարավորության վրա:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Մոնրեալի արձանագրության, Փարիզյան համաձայնագրով սահմանված խնդիրների եւ   IPCC-ի աշխատանքների միջեւ կապը: