Նոր օրենսդրական կարգավորումներով պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, մինչդեռ մինչեւ հիմա ներկայացնում էին միայն այն գույքի վերաբերյալ, որը ձեռք էր բերվել այդ տարում:
Այս առնչությամբ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը facebook-ի իր էջում գրել է.
«Կարեւոր փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում
ԱԺ արտահերթ նիստերի թոհուբոհի մեջ կարծես թե աննկատ մնացին կարեւորագույն փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում։ Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով
1. հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաեւ պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի եւ եկամուտների հայտարարագրեր,
2. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում, իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս,
3. Բացի այդ, ընտանիքի անդամները եւս պատասխանատվություն են կրելու հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Մյուս փոփոխություններով ավելի են հստակեցվել գործող կարգավորումները»:




























