Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ: Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ:
Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն: Արդյունքում՝ Քրեակատարողական վարչության միջնորդության հիման վրա Առողջապահության նախարարությունից ստացվել է ուղեգիր, եւ կալանավորված անձը ենթարկվել է ատամների անվճար պրոթեզավորման։



























