Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 26-ին, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց: NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ նիստը հետաձգվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի բացակայության հիմքով. վերջինը դատարան գրություն է ուղարկել, որ չի կարող ներկայանալ նիստին: Սակայն, Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, դատարանը նիստը չի բացել, մինչ դեռ պարտավոր էր նիստը սկսել եւ հնարավորություն տալ ներկայացածներին քննարկել իրավահաջորդի բացակայությամբ գործի քննությունը իրականացնելու հնարավորության հարցը. «Դատական քրեական օրենսգրքով նախատեսված չէ, որ տուժողի իրավահաջորդի, կամ նրա ներկայացուցչի չներկայանալը դատական նիստին պարտադիր պայման է նիստի հետաձգման համար, մինչ դեռ ամբաստանյալի, դատախազի կամ պաշտպանի բացակայությունը պարտադիր պայման է: Այսօր դատարանը նիստը չբացեց եւ մեզ էլ հնարավորություն չտվեց նիստը շարունակելու հարցը քննարկելու համար»:
Նշենք, որ այս գործով վկաների հարցաքննության փուլն է: Հաջորդ դատական նիստը տեղի կուենան ապրիլի 16-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:
Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:



























