Ավագ քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ 3 հազար դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու գործով այսօր՝ մարտի 26-ին, շարունակվեց վկա Սոս Գասպարյանի հարցաքննությունը:

Մեկ այլ քրեական գործի շրջանակում կալանքի տակ գտնվող Սոս Գասպարյանը կաշառքի գործով ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի որդին է: Ըստ մեղադրանքի, հենց որդուն առաջադրված մեղադրանքը վերաորակելու համար էլ Բաբկեն Գասպարյանը փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով կաշառք է տվել քննիչ Միքայել Զադոյանին:

Այսօր դատարանում վկան մեկ անգամ եւս պնդեց, որ ընտանիքը Գայանե Գալոյանի միջոցով կաշառք է փոխանցել քննիչ Միքայել Զադոյանին: Քննիչի պաշտպան Հրանտ Անանյանի հարցին՝ նախաքննության ավարտին ինչու գումարը չի պահանջել, երբ պարզ է դարձել, որ մեղադրանքը չի վերաորակվել, Սոս Գասպարյանը պատասխանեց. «Փողը ես չեմ տվել, որ ես էլ պահանջեմ, ես գումարի պահանջ չունեմ, որովհետեւ ես չեմ տվել, ինձ գումարը չի հետաքրքրում»:

Պաշտպանական կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ առկա են հակասություններ: Մեղադրողը, սակայն, առարկեց. հակասություններ չկան: Դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանական կողմը որեւէ կերպ չհիմնավորեց, թե որոնք են էական հակասությունները: Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը սրա վերաբերյալ գրավոր հայտարարություն արեց:

«Սոս Գասպարյանն ուղղորդված սուտ ցուցմունք է տվել՝ փորձելով վրեժխնդիր լինել Միքայել Զադոյանից, մտացածին ցուցմունքներ է Գասպարյանը տվել»,- ասաց Սիմոն Ամիրխանյանին, ինչին Մեսրոպ Մակյանն արձագանքեց. «Սա հայտարարություն չէր, ճառ էր»:

Դատարանում այսօր հարցաքննվեց նաեւ Սոս Գասպարյանի գործը վերահսկած դատախազ Հայկ Մովսիսյանը: Նա պատմեց, որ մեղադրանքի վերաորակման վերաբերյալ քննարկումներ են եղել եւ վարչական շրջանի դատախազությունում, եւ Երեւան քաղաքի դատախազությունում, եւ գլխավոր դատախազությունում: Մովսիսյանը պարզաբանեց, որ նմանատիպ քննարկումներ են լինում նաեւ, երբ քրեական գործը հարուցվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

«Սոս Գասպարյանի դեպքն առաջինն էր իմ պրակտիկայում, որ գրավի դիմաց ազատ է արձակվում մեղադրյալը: Այդ ժամանակ ես Վերաքննիչ դիմեցի, բողոքս բավարարվեց եւ Գասպարյանը կալանավորվեց: Ինչ վերաբերում է մեղադրանքը վերաորակելուն, ապա անհրաժեշտ պաշտպանության մասին նախաքննության սկզբում ցուցմունք էր տվել մեղադրյալը, նրա եղբայրն ու ընկերը, բացի դրանից, Սոս Գասպարյանի հայրը ցուցմունք էր տվել, որ որդուն ծեծել էին: Մենք քննարկումներ ենք ունեցել, Միքայել Զադոյանն էլ կարծիք է հայտնել անհրաժեշտ պաշտպանության մասին: Քննիչն ասել է, որ մեղադրյալը, եղբայրն ու ընկերն այսպիսի ցուցմունք են տվել, նման հանգամանքներ կան, եկեք քննարկենք: Եթե Միքայել Զադոյանը վստահ լիներ, որ 116-րդ հոդվածն է, ես նրա ձեռքը բռնել չէի կարող, նա մեղադրանքը կվերաորակեր: Բայց վերջում նախաքննական մարմինն էլ է համաձայնվել, որ գործը դատարան ուղարկվի Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասաց Հայկ Մովսիսյանը:

Այնուհետեւ դատարանում հարցաքննվեց փաստաբան Կարինե Շախմուրադյանը: Նա պատմեց, որ Սոս Գասպարյանի դեպքից հետո իր ամուսնուն է զանգահարել Բաբկեն Գասպարյանը եւ հայտնել, որ փաստաբանի հետ խորհրդակցելու կարիք ունի:

«Եկել են ընտանիքով, զրուցել ենք, մանրամասները չեմ հիշում, բայց իրենք իմ սենյակում դուրս եկան այն համոզմունքով, որ այլեւս չեն վերադառնալու իմ գրասենյակ: Պատճառն այն է, որ ծանր հանցագործության մասին էր խոսքը, ինքս մեծ մասամբ քաղաքացիական գործեր եմ վերցնում: Զգացի, որ ծանր հանցագործություն է, հեշտությամբ չես պրծնի, դրա համար հրաժարվեցի»,- դատարանում պատմեց վկան:

Վկաների հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 6-ին, կսկսվի փաստաթղթերի հետազոտման փուլը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են: