Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չծրագրված հանդիպում է անցկացրել Կեմերովոյի բնակիչների նախաձեռնող խմբի հետ, որոնք անվստահություն են հայտնել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառների եւ հանգամանքների քննության ընթացքի նկատմամբ, փոխանցում է Life-ը:

Մարդկանց կարծիքով՝ զոհերի թիվը, հնարավոր է, 64-ից ավելի շատ է: Պետության ղեկավարը կոչ է արել մարդկանց չհավատալ սոցցանցերի հաճախ ոչ հավաստի տեղեկություններին եւ հայտնել է, որ ոչ մի իմաստ չունի կասկածելու հրդեհի ժամանակ զոհերի թվի պաշտոնական տվյալներին:

ՌԴ նախագահը հավաքված մարդկանց, որոնց մեջ եղել են նաեւ զոհվածների ազգականներ, հավաստիացրել է, որ ողբերգության մանրամասն քննություն կկատարվի, իսկ բոլոր մեղավորները կպատժվեն՝ անկախ պաշտոնից եւ կոչումից:

«Հիմա այստեղ աշխատում է 100 մարդուց կազմված քննչական խումբը: Խմբի աշխատանքը ղեկավարում է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարը: Նույնիսկ չկասկածեք, որ բոլոր մեղավորները կպատժվեն»,- բնակիչներին ասել է Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը սկսվել է կիրակի՝ մարտի 25-ին: Ցերեկը հաղորդվել է 5 զոհի մասին, սակայն արդեն գիշերը տվյալներ են ստացվել տասնյակ զոհերի մասին: Վերջին տեղեկություններով՝  հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ: