Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` մարտի 27-ին, ցուցմունք տվեց ամբաստանյալներից Պետրոս Իսրայելյանը (Գեղամ): Նա հայտնեց, որ դեպքի օրը` 2016թ. նոյեմբերի 13-ին, գտնվել է իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում: Նրա խոսքով, այնտեղ է եղել, երբ դռան ձայն է լսել եւ տեսել Մուշեղ Մուշեղյանին (սպանված): Մուշեղ Մուշեղյանը վատ վարքագիծ է դրսեւորել եւ նույն սենյակում գտնվող Գեւորիկը (սպանված Գեւորգ Ավետիսյան) նկատողություն է արել նրան, որից հետո սկսվել է վիճաբանություն: Պետրոս Իսրայելյանի խոսքով, տեսել է, թե ինչպես է Գեւորգ Ավետիսյանը գրպանից հանում դանակը, այնուհետեւ կրակոցներ են հնչել: Պետրոս Իսրայելյանը նշեց, որ չի հիշում, թե ինչպես է այդ պահին դուրս եկել նկուղային հարկից. «Այնուհետեւ Գեւորիկին տարել ենք հիվանդանոց»:
Պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե մեղադրանքի կողմը պնդում է, որ Պետրոս Իսրայելյանն իր տանը մարդկանց է ծեծել, Պետրոս Իսրայելյանը պատասխանեց. «47 տարեկան տղա եմ եղել, մարդ չեմ ծեծել, մարդ չեմ սպանել, ես ճիշտ ապրող տղա եմ»:
Պետրոս Իսրայելյանը հրաժարվեց պատասխանել մեղադրանքի կողմի եւ դատարանի հարցերին:
Այս պահին շարունակվում է գործով մյուս ամբաստանյալների հարցաքննությունը:
Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:




























