Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչին եւ մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:

Ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Ռ. Միրզախանյանը  փաստեց, որ սա վկայությունն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատաղ սերնդի դաստիարակության գործին ցուցաբերվող մեծագույն ուշադրության: Այնուհետեւ ռեկտորն անդրադարձավ երկու համալսարանների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններին` տեղեկացնելով, որ երկուստեք ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր:

Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց նաեւ Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանում բացված հայագիտության ամբիոնի լայնածավալ գործունեությունը:

Իր հերթին հոգածու վերաբերմունքի եւ ստացած վառ տպավորությունների համար երախտագիտության խոսքով հանդես եկավ նաեւ Կաթոլիկ համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրոմի Սաբոլչը` նշելով, որ իրենց համար շատ ուրախալի է Ավագ Շաբաթվա ընթացքում վերստին այցելել համայն հայության հոգեւոր կենտրոն եւ հանդիպել Հայոց Հովվապետի հետ:

Վերջում իր հայրապետական պատգամը ներկաներին փոխանցեց Գարեգին Բ Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հաճելի է տեսնել տարիներ առաջ սկզբնավորված սերտ համագործակցության շոշափելի արդյունքները: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ այս ջերմ փոխհարաբերությունները սնվում են բարեկամ երկու ժողովուրդների դարավոր պատմական ավանդույթներից, իսկ այսօր նորովի կենդանության շունչ են ստանում եւ առավել զորանում:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ հայ հոգեւորականաց պատրաստությանը եւ արտերկրում նրանց ուսումնառությանը` վստահություն հայտնելով, որ արտասահմանյան համալսարանների շարքում մոտ ապագայում կլինի նաեւ Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանը: Նորին Սրբությունը կարեւորեց նաեւ այն, որ պրոֆ. Սուրոմի Սաբոլչն այս օրերին Մայր Աթոռում իր ներկայությամբ մեծապես ոգեւորել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչական, դասախոսական կազմին եւ ուսանողներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: