ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական անփութություն դրսեւորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գ. Ղ.-ն հաղորդում է տվել, որ նախկին ամուսին Ա. Վ.-ն տեւական ժամանակ չարամտորեն խուսափել է դատարանի կողմից իրենց երեխաների համար սահմանված ալիմենտը վճարելուց:
Հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի մարզային բաժնի Վեդու բաժանմունքում 03.11.2012թ.-ին հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում հիշյալ բաժանմունքի հարկադիր կատարողը, ծառայության նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք, միջոցներ չի ձեռնարկել Ա. Վ.-ի իրական եկամուտների չափն ու աշխատանքի վայրը պարզելու ուղղությամբ, որի հետեւանքով պարտապանի միջին ամսական աշխատավարձից 130.000 ՀՀ դրամ բռնագանձելու փոխարեն անչափահաս երեխաների օգտին բռնագանձվել է ընդամենը 50.000 ՀՀ դրամ: Արդյունքում` 2012թ.-ի նոյեմբերից մինչեւ 2017թ.-ի սեպտեմբերը որպես ալիմենտ չի բռնագանձվել ավելի քան 5.000.000 ՀՀ դրամ:
Կատարվում է նախաքննություն:



























