ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական անփութություն դրսեւորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով:
ՀՔԾ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձը դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքն իր որոշմամբ վերացրել է:
Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Երեւան քաղաքում գտնվող անշարժ գույքի վրա: Սակայն 21.02.2018թ.-ին պարտապանի ներկայացուցիչը ԴԱՀԿ ծառայություն է դիմել արգելանքը վերացնելու խնդրանքով` միաժամանակ ներկայացնելով հիշյալ անշարժ գույքի նկատմամբ որեւէ գործարք չկնքելու պարտավորագիր:
Դրանից հետո ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձն առանց օրենքով սահմանված հիմքերի որոշում է կայացրել վերացնել պարտապանի գույքի վրա դրված արգելանքը: Որոշման հաջորդ իսկ օրն արգելանքից հանված անշարժ գույքը օտարվել է ուրիշի, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:



























