Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի շահերի պաշտպանն այսօր՝ մարտի 27-ին, մեկ այլ՝ նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են, նրա խոսքով, քրեական գործում չկան ապացույցներ, որոնք հիմնավորում են Վլադիկ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքները:
«Ապացույցներ չկան, որոնք կհիմնավորեն պաշտպանյալիս մեղավորությունը: Նա միայն երեխային տեսակցելու ցանկություն է ունեցել»,-ասաց նա:
Լիանա Գասպարյանը դատարանից խնդրեց արդարացնել Վլադիկ Մարտիրոսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ այս գործով մեղադրողը Վլադիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 2 տարվա ազատազրկում եւ 200 հազար դրամի չափով տուգանք:
Մեղադրական եզրակացության համաձայն` Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում վիճել է նախկին կնոջ հետ եւ քաշքշել է նրան եւ տվել սպանության սպառնալիք: Բացի դրանից, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում նախկին կնոջից` Թագուհի Մանսուրյանից, պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել:
Հաջորդ օրը նույնպես Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ հոր հետ եւ տվել սպանության սպառնալիք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը մի քանի անգամ հարվածել է նրան: Հունիսի 22-ին նույնպես Մարտիրոսյանը որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորն ու նրա ընտանիքի անդամներին:
Հուլիսի 8-ին էլ Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ դիտավորյալ հարվածել նրա գլխին:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին` ՔՕ 118-րդ հոդվածով:
Նշենք, որ դատարանում է գտնվում նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործը:



























